Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շահեր ու նպատակներ՝ պատերազմական խրամատների այս կամ այն կողմում

Շահեր ու նպատակներ՝ պատերազմական խրամատների այս կամ այն կողմում
16.11.2024 | 12:28

Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների մի զգալի հատվածում ակնհայտ երևում է արևմտամետ քարոզչական խոսույթը, որն, անշուշտ, համեմվում է հակառուսական հռետորաբանությամբ: Այն առավել ևս ցցուն դրսևորվում է ուկրաինական պատերազմի և դրան առնչվող թեմաներին նվիրված հրապարակումներում: Ներկայացվում է հետևյալ սցենարը. ագրեսոր Ռուսաստանը հարձակվել է, Ուկրաինան և նրա թիկունքում եվրոպական դեմոկրատական պետություններն ու ԱՄՆ-ը հերոսական պայքար են մղում առաջադեմ մարդկության փրկության և ազատ ապագայի համար: Եվ այսպես շարունակ՝ «հեռուստաաստղերի» հետ դարակազմիկ և փրկչական ոգով հարցազրույցներ: Կան նաև Ռուսաստանի մոտալուտ վախճանի մասին ռահվիրա «քաղաքագիտունների» ցնցող վերլուծություններ: Հակված չեմ արդարացնել պատերազմը որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց, պատերազմը հակամարդկային և հակաբնական երևույթ է և արդարացում չունի: Սակայն վերջին կես տարվա քաղաքական գործընթացները արևմտյան առաջատար երկրներում շատ հետաքրքիր իրողություններ են բացահայտում, ըստ որի, այստեղի շարքային ընտրողներն ու հասարակության գերակշիռ հատվածը սկսել են ավելի սթափ գնահատել իրավիճակը և քննադատական-մերժողական վերաբերմունք են ցուցաբերում «հանուն ժողովրդավարության» ուկրաինական մսաղացը ֆինանսավորող իրենց քաղաքական ուժերի նկատմամբ: Եվ դա շատ հստակ երևում է վերջին ընտրությունների արդյունքներից ու ներքաղաքական ճգնաժամերի ընթացքից:

Խոսենք արդեն հայտնի փաստերով:

Պատերազմի թիվ մեկ ֆինանսիստ Բայդենը ջախջախվեց Թրամփից, որն ամբողջ քարոզարշավը կառուցել էր հակապատերազմական նարատիվներով: ԱՄՆ-ից հետո պատերազմի երկրորդ դոնոր ԳՖՀ-ի կանցլեր Շոլցը կանգնած է իշխանազրկման շեմին՝ կառավարող կոալւցիայի փլուզման հետևանքով և, խեղճացած, երեկ զանգահարել է Պուտինին, երևի ցանկանում է պառլամենտում վստահության քվե ստանալ, բայց արդեն ուշ է: Ֆրանսիայում ևս չգնահատվեց հանուն դեմոկրատիայի պատերազմը, Մակրոնի կուսակցությունը պարտվեց խորհրդարանական ընտրություններում՝ հայտնվելով երրորդ տեղում: Լավ է, որ նախագահական ընտրություններին դեռ ժամանակ կա: Պատերազմի բազեները ևս՝ պահպանողական լիդերները ջախջախվեցին, բրիտանական հասարակությունը տվեց նրանց գնահատականը: Չարաբաստիկ դերակատարում ունեցած Բորիս Ջոնսոնի կուսակից Ռիշի Սունակը ևս իշխանազրկվեց: Սա վերջին տասնամյակների ընթացքում Պահպանողական կուսակցության նկատմամբ Լեյբորիստական կուսակցության ամենափառավոր հաղթանակն էր: Նոր վարչապետ Քիր Սթարմերը առավել զուսպ է և երևում է, որ շուտով կմիանա Թրամփի քաղաքական գծին: Ներքաղաքական ճգնաժամերը շրջանցում են այն երկրները, որոնց քաղաքական ղեկավարությունը կա՛մ պասիվ է եղել այս կոնֆլիկտում, կա՛մ էլ քննադատել է պատերազմի ֆինանսավորումը: Օրինակ, Իսպանիան, Իտալիան, Սլովակիան: Ուկրաինական պատերազմում վարվող քաղաքականությունը մերժող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, շնորհիվ դրա, ամրապնդել է իր դրքերը: Արդեն կարելի է ասել՝ սկսվել է արևմտյան քաղաքական էլիտաների «օրբանացումը», նոր քաղաքագիտական հասկացություն է մտել շրջանառության մեջ: Ով ինչ շահեր ու հետին նպատակներ ունի պատերազմական խրամատների այս կամ այն կողմում, դա այլ հարց է, պատմությունը ապագայում շատ բան կբացահայտի, որ մենք դեռ չգիտենք, առաջնայինը մսաղացը կանգնեցնելն է և կյանքերի փրկությունը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ